Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես/2021-2022 ուս. տարի

Ժամանակահատված՝ հունիսի 1-13

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Չորրորդ դասարանի սովորողների համար Ելքի ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները։

  • Ստուգատեսը կազմակերպվում է առկա և հեռավար հարթակներում, ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի կայքում, բլոգում։
  • Սովորողը ստուգատեսին մասնակցում է իր համակարգչով: 
  • Սովորողն իր բլոգում ունի Ստուգատես վերնագրով բաժին:
  • Հեռավար ուսուցման ծրագիր ընտրած սովորողները ստուգատեսին մասնակցում են հեռավար տարբերակով։
  • Այս չորս փուլերի արդյունքները գրանցվում են համապատասխան փաստաթղթում, որը բաց է՝ տեսանելի սովորողներին, ծնողներին։

 Առաջին փուլ:
 Չափումներ, պարագիծ:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարությունները և հաշվում է ու գրանցում է պարագիծը:

Տանը:
Սովորողը մոտենում է իր աշխատանքային սեղանին, որն ունի ուղղանկյուն կամ քառակուսի ձև, չափում է երկարությունը, լայնությունը, հաշվում է սեղանի պարագիծը:Սովորողը գրանցում է աշխատանքի սկիզը, ավարտը: Աշխատանքը տեսանկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երկրորդ փուլ:

Չափումներ, մակերսի հաշվում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Տանը:
Սովորողն բացում է նշված հղումըֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, ավարտը, արդյունքները: Աշխատանքը նկարահանվում է, և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երրորդ փուլ
Կշռում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Տանը:

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին,գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Աշխատանքը նկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Չորրորդ փուլ:
 Հեծանիվ կամ լող:

Սովորողը չորրորդ փուլում, իր ցանկությամբ,  կա՛մ լողում է, կա՛մ էլ վարում է հեծանիվ:

Հեծանիվ:

Սովորողը մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է մոտ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Լող:
Սովորողը լողազգեստով մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Օգնականը միացնում է վայրկենաչափը, սովորողը սկսում է լողալ: Սովորողը երկու անգամ  լողավազանի երկարությամբ  մի ծայրից լողալով գնում է մյուս ծայրը և ետ է վերադառնում: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ /լողավազանի երկարությունը նախապես նշվում է/: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի սանտիմետր  է լողում՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կլողար  մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան սանտիմետր լողար:

Այս չորս փուլերը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:

Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է Ստուգատեսի գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *