Բնագիտություն

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:
Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկել

ենք դասարանում:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Ապակուց, փայտից, կավից, թղթից,  և այլն:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: Մարմին – աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ: Նյութ – փայտ, ոսկի, պղինձ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

պինդ֊ալյումին, երկաթ, ոսկի,արծաթ, փայտ, ապակի

հեղուկ֊ջուր, նավթ

գազային֊գոլորշի, թթվածին